Փարիզի Պիկասոյի թանգարանը, որը փակվել էր 2009 թվականի օգոստոսին, կրկին իր դռները կբացի այցելուների առջև: Ինչպես գրում է The Local-ը`թանգարանը նախատեսում է սկսել աշխատանքը հունիսին: AFP-ին տված հարցազրույցում Աննե Բալդասարին նշել է, որ ցուցահանդեսային տարածքը կրկնակի անգամ մեծացել է` մինչև 3 800 քառակուսի մետր:
Թանգարանին է պատկանում մոտ 5000 գեղանկար, քանդակ, խեցեղենի նմուշներ, լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք նախկինում ցուցադրվում էին միայն մասամբ: Բալդասարին հայտարարել է, որ եթե ամեն ինչ գնա նախատեսվածի պես, ապա բոլոր աշխատանքները պահեստից կտեղափոխվեն թանգարան մինչև ապրիլի վերջ, իսկ մայիսի ընթացքում թանգարանի աշխատակիցները կպատրաստեն ցուցադրություն:
Հետագայում թանգարանը ամեն տարի կներկայացնի մեկ մեծ ցուցահանդես: Առաջին ցուցահանդեսը տեղի կունենա 2015 թվականի կեսին Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանի հետ համատեղ: