Աշխարհի ամենաայցելվող տեսարժան վայրը` Էյֆելյան աշտարակը, կսկսեն վերակառուցել 2012 թվականի հունվարին, սակայն այն այցելուների համար չի փակվի: Վերակառուցման նպատակը հարմարությունների ստեղծումն է զբոսաշրջիկների համար, որոնց թիվը վերջին ժամանակաշրջանում կտրուկ ավելացել է:
Ամեն տարի աշտարակ են այցելում միջինը 7 միլիոն զբոսաշրջիկ, 2008 թվականին, այսինքն գոյության 118 տարիների ընթացքում այստեղ այցելել է 236 միլիոն մարդ: Սա երրորդ մեծ վերակառուցումն է 1889-ին աշտարակի կառուցման ժամանակից ի վեր: Առաջինը տեղի է ունեցել 1937 թվականին, երկրորդը` 1980-ին:
Երրորդ վերակառուցումը կտևի տարի ու կես: Այժմ աշտարակի առաջին հարկում տեղակայված է կինոթատրոն, որտեղ կարելի է դիտել համառոտ ֆիլմ աշտաարկի պատմության մասին, ցուցասրահ, պանորամային սեղաններ, բուտիկներ, ռեստորան: Այստեղ կավելանան նոր դիզայնով տաղավարներ և թատերական սրահ:
Էյֆելյան աշտարակը կառուցվել է Փարիզի ղեկավարության պատվերով 1889 թվականին ինժիներ Գուստավ Էյֆելի նախագծով և այն ժամանակ դարձել է ամենաբարձր կառույցը աշխարհում (317 մետր): Սկզբում նախատեսվում էր, որ աշտարակը կմնա 20 տարի, իսկ հետո այն կհավաքեն, քանի որ նրա դիզայնը ֆրանսիացիներին դուր չէր եկել, սակայն այդ տարիների ընթացքում այն դարձավ ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանիշը: Առաջին հարկը գտնվում է 57 մետր բարձրության վրա: