Իդեալական հանգստի բանաձևը, որը կարող են պարզել, թերևս, միայն մաթեմատիկոսները, գտել է Սասեկսի համալսարանի մի գիտնական, իսկ ուսումնասիրությունը պատվիրել է Holiday Inn հյուրանոցային ցանցը: Համաձայն ստացված արդյունքի` կատարյալ հանգիստն իրենից ներկայացնում է եռօրյա արձակուրդ առավելագույն հանգստով, նվազագույն հոգսով` տանից չորս ժամից ոչ ավել բացակայելու դեպքում: Հետազոտող Դեյվիդ Լյուիսի կարծիքով` իդեալական հանգիստը անհնար է` առանց մի շարք միմյանց կապակցված գործոնների, որոնց մեջ են մտնում տևողությունը, ուղևորության արժեքը, ինչպես նաև այնպիսի բաղադրամասեր, ինչպիսիք են` ձանձրույթը, հանգիստը և հոգսը:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ անցկացնում են այնպիսի լարված արձակուրդ, որ վերադառնում են ավելի ուռասպառ, քան վերականգնված»,- կարծում է Դեյվիդ Լյուիսը (David Lewis): Նրա կարծիքով` խնդրի ուսումնասիրությունը օգնում է բացատրել բրիտանացիների շրջանում վերջերս մեծ տարածում գտած կարճ արձակուրդների քանակի աճը: Գիտնականը կարծում է, որ հանգստի իմաստը կայանում է նրանում, որ մարդ իր օրգանիզմին հնարավորություն է տալիս էներգիայով լցվել և լիցքաթափվել` տուն վերադառնալով թարմ և զգոն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ հանգստի ժամանակ իրենց թույլ են տալիս շռայլություններ, այդ թվում` արևի տակ անցկացրած ժամանակը, սնունդը, խմիչքը, ապա երկարատև հանգիստը մեծացնում է առողջությունը վնասելու պոտենցիալ ռիսկը»,- նշում է Դեյվիդ Լյուիսը: