Խոշոր ուղևորների համար ստեղծվել է հատուկ ինքնաթիռ

Ինքնաթիռներ արտադրող կանադական Bombardier Aerospace ընկերությունը ստեղծել է հատուկ ինքնաթիռ խոշոր ուղևորների համար։ CS100 ինքնաթիռը կներկայացվի այս շաբաթ  բրիտանական Ֆարնբորո միջազգային ավիատիեզերական սրահում․ հայտնում է The Guardian-ը։

Այս ինքնաթիռի նստատեղերը կլինեն ավելի մեծ, qան մյուս ուղևորատար ինքնաթիռներինը։ Շարքում դրանք կլինեն վեցը՝ միջանցքից ամեն կողմում երեքական։

Պատուհանի և ելքի մոտի նստատեղերի լայնությունը կլինի  47 սանտիմետր, իսկ դրանց միջև ընկածինը՝  48 սմ-ից ավել։ Ընդ որում, Airbus A319-ի նույն պարամետրը մոտ 46 սանտիմետր է, Boeing 737-ինը՝  մոտ  44 սանտիմետր։

flymojo-cs100

Բացի այդ, մեծ կլինեն նաև CS100-ի պատուհանները, միջանցքը և ուղեբեռի տեղը։ Հստակ պարամետրերը դեռևս հայտնի չեն։

Ավելի լայն նստատեղերով ինքնաթիռի անհրաժեշտությունն ի հայտ է եկել վերջին տասնամյակներում մեծ չափերի ուղևորների ավելացման պատճառով․ նշում է պարբերականը։ Bombardier Aerospace-ի փոխնախագահ Ռոսս Միտչելը  (Ross Mitchell) նշել է, որ մի շարք ավիաընկերություններ դիմել են իրենց ընկերությանը ավելի մեծ նստատեղերով ինքնաթիռներ ստեղծելու խնդրանքով։ Նրա խոսքերով, ավիափոխադրողները այդ կերպ ցանկանում են ավելի հարմարավետ դարձնել իրենց ուղևորների տեղափոխումը։

You might also like