Վենետիկի ադմինիստրացիան ավելացրել է զբոսաշրջիկների տուգանքների չափը, ովքեր կխախտեն վարքագծի կանոնները իտալական քաղաքում։ Այդ մասին հայտնում է «Իտալիան ռուսերեն» պորտալը։
Այսուհետ հանգստացողներին կտուգանեն 200 եվրոյով Վենետիկի փողոցներով մերկ իրանով շրջելիս։ Նրանք, ովքեր գրություններ կթողնեն հուշարձանների վրա կամ կաղտոտեն քաղաքը, կվճարեն 400 եվրո։
Վենետիկի ջրանցքներում լողալ ցանկացող զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել 450 եվրո։ Մինչ վերջերս նման խախտման համար սահմանված տուգանքը չէր գերազանցում միջինում 50 եվրոն։
Վենետիկի իշխանությունները նաև առաջիկայում ակցիա կսկսեն, որով կոչ կանեն զբոսաշրջիկներին չմոռանալ վարքագծի ճիշտ կանոնների մասին․ գրում է The Independent թերթը։ Այդ նախագծի շրջանակներում քաղաքում և համացանցում կհայտնվեն համապատասխան ցուցանակներ։
Տեղեկատվությունը կհրապարակվի 10 լեզվով, այդ թվում՝ անգլերեն, չինարեն, արաբերեն և կորեերեն։ Այն կներառի վարքագծի 12 կանոն հանգստացողների համար․ բացատրել է քաղաքապետարանի տուրիզմի գծով խորհրդատու Պաոլա Մարը (Paola Mar)։ «Խնդիրն այն է, որ Վենետիկը ընկալվում է որպես լողափ», —նշել է նա։