Հռոմի իշխանությունները պատերազմ են հայտարարել մաստակի դեմ: Ինչպես հավաստիացնում են հետազոտողները` ամեն օր քաղաքում` այդ թվում և հնագիտական հուշարձանների և արվեստի վայրերում, այցելուները ավելի քան 15000 հազար հատ մաստակ են նետում: Իսկ քաղաքը դրանցից մաքրելու համար օրական ծախսվում է 5.5 միլիոն եվրո:
Մաստակը կարող է մեծ վնաս հասցնել պատմամշակութային շինություններին և արվեստի ստեղծագործություններին, իսկ բացի դրանից դա կապ ունի հսկայական ծախսերի հետ, քանի որ հուշարձանները կպչուն մաստակից մաքրելու գինը բավականին բարձր է: Կապված դրա հետ` քաղաքային ադմինիստրացիան որոշում է կայացրել պայքարել նրանց դեմ, ովքեր մաստակը չեն գցում աղբարկղը: Դեպքի վայրում բռնված օրինազանցը ստիպված կլինի վճարել 50 եվրո տուգանք:
Հատկանշական է, որ զբոսաշրջիկները հաճախ բողոքում են Հռոմի անթիվ անհամար աղբից, և դա չնայած այն ամենին, որ Հռոմի իշխանությունները վերջին տարիների ընթացքում մի շարք քայլեր են ձեռնարկել քաղաքի պատմամշակութային կենտրոնը աղբից մաքրելու վերաբերյալ, հայտնում է AFP-ն: