Ոչ, ոչ, մենք չենք պատրաստվում խոսել սեքսի մասին: Դա մեր մասնագիտացումը չէ: Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչ դիրքով կարելի է նստել ինքնաթիռում, որպեսզի հարմար լինի և կարողանաք քնել: Դուք արդեն ֆիլմ դիտել եք, «Angry Birds»-ն էլ արդեն ձանձրացրել է ձեզ այնքան, որ ցանկանում եք բացել ինքնաթիռի պատուհանը ու պլանշետը դուրս գցել այնտեղից, ամսագրերը կարդացել եք ամբողջովին, սկսած` վերնագրերից, մինչև` հրատարակողների անունները, իսկ բորտուղեցկորդուհիներին այնքան եք հետևել, որ արդեն դժվարանում եք տարբերակել նրանց…քնելու ճիշտ ժամանակն է: Բայց քունը ինքնաթիռում իսկական արվեստ է, որը սովորելու համար շատ ժամանակ է պետք: Այսօր մենք ձեզ առաջարկում ենք գտնել ձեր դիրքը: Եթե իհարկե դուք այն մարդկանցից չեք, ովքեր կարողանում են քնել մեկ ոտքի վրա կանգնած` շնչելով մանանեխի բույրը:
Հենվեք պատուհանին և մի անհանգստացեք, որ սանհանգույց գնալը այդ տեղից դժվար կլինի. դուք կխորասուզվեք ձեր «արագ քնի փուլ» կոչվող նիրվանայի մեջ: Որպես հանգստի վայր` դա իդեալական տարբերակ է: Փորձառու ուղևորները լավ գիտեն, որ քունը ինքնաթիռի սրահի պատուհանի մոտ անբասիր է: Այս դիրքը հարմար կլինի նրանց համար, ովքեր չեն ցանկանում շրջել նշանակման վայրում նյարդայնացած և վստահ նրանում, որ ինքնաթիռում քնել կարող է միայն լավ փաթեթավորված ճամպրուկը:
№9.«Օղակաձև» դիրք ընդունեք
Փորձագետները վստահեցնում են, որ այս դիրքը հիանալի միջոց է սրտխառնոցից ազատվելու համար, որը հաճախ առաջանում է թռիչքի ժամանակ: Խաչեք ոտքերը, ձեռքերը դրեք ծնկներին, իսկ գլուխը` ձեռքերին: Շատերին այս դիրքը կարող է անհարմար թվալ, բայց, հավատացեք, դա միայն առաջին հայացքից է այդպես: Գլխավորը` արթնանալիս կտրուկ շարժումներ չանել: Վերադարձեք նորմալ դիրքի դանդաղ և սահուն կերպով: Նրանք, ովքեր վստահ չեն, որ «օղակաձև» դիրքը կօգնի, խորհուրդ ենք տալիս «լրացնել» դիրքը մաստակով:
№8. Դասական դիրք
Ինքնաթիռների բազկաթոռները նախագծված են այնպես, որպեսզի ուղևորը կարողանա հենվել, ընդունել առավելագույն հարմարավետ դիրք ննջելու համար: Դրա համար անհրաժեշտ է սեղմել կոճակը /քաշել լծակից/փչել խողովակի մեջ`ելնելով այս կամ այն բազկաթոռների նախագծի յուրահատկությունից, և կստանաք ձեր կարկանդակի փոքրիկ բաժինը Մորֆեոսի երկրից: Իհարկե, թռիչքի և վայրէջքի ժամանակ ձեզ կխնդրեն ուղղել բազկաթոռը` մեջքը վերադարձնելով նախնական դիրքի: Եվ մի մոռացեք չար հարևանների մասին. չէ որ նրանք անպայման դժգոհություն կհայտնեն ձեր հանգստի վերաբերյալ:
№7. Ծովախեցգետնի դիրք
Այս դիրքը նախատեսված է միջանցքի մոտ գտնվող նստատեղի երջանիկ սեփականատերերի համար: Սակայն քնել ծովախեցգետնի պես հնարավոր է ցանկացած վայրում: Ամեն ինչ կախված է հանգամանքներից: Մեկնեք ձեր ոտքերը աթոռի թևից դուրս և հարմարվեք բազկաթոռի վրա: Պատրաստ եղեք այն բանին, որ ձեր «խեցգետինը» կդառնա սննդով լի սայլակները տանող բորտուղեկցորդուհիների դժգոհության պատճառ, ինչպես նաև` ուղևոր-կոլեգաների համար, ովքեր ճանապարհի ընթացքում ամեն ինչ խառնել են իրար և մշտապես զբաղեցնում են սանհանգույցը:
№6. Ինքնաշեն մահճակալ
Կարող եք համարել, որ ճակատագիրը ձեզ ժպտում է, եթե հարևանությամբ ոչ մի ուղևոր չկա: Դա բավականին հազվագյուտ դեպք է, ինչպես թռիչքին ճիշտ ժամանակին հասնելը կամ ցնցումների բացակայությունը, և չօգտվելով այդ ամենից կլիներ պարզապես աններելի: Բորտուղեկցորդուհուց խնդրեք բարձ և վերմակ, ձգվեք երեք բազկաթոռների վրա, ուղղեք ձեռքերի հենակները և վայելեք թռիչքը: Եվ հիշեք, եթե դուք մինչև այժմ թռչում եք քնի մեջ, ապա դա նշանակում է, որ դուք դեռ մեծանում եք:
№5. Բարձ պարանոցի համար
Գնեք ձեզ համար U-անման բարձ պարանոցի համար, որով դուք թեև սեքսուալ տեսք չեք ունենա, բայց կարող եք լիցքաթափվել թռիչքի ընթացքում: Այն ընթացքում, երբ հարևանները կծիծաղեն ձեր տեսքի վրա, դուք խաղաղ կքնեք` երազում վայելելով Մալդիվների արևը: Իսկ երբ գա ինքնաթիռը լքելու ժամանակը, արդեն դուք կծիծաղեք, երբ տեսնեք, թե ինչ հոգնած տեսք ունեն հարևանները: Ինչպես ասում են` ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում:
№4. Դիրք «չենք մտահոգվում»
Այս դիրքի բնույթը այն է, որ մարդ պետք է ընդունի առկա իրավիճակը, համակերպվի դրա հետ և քնի` խաղաղ ժպիտը դեմքին: Կարծում եք շա՞տ բուդդայական է: Միգուցե: Փաթաթվեք ծածկոցով, մոտեցրեք բարձը, ցերեկը գիշեր դարձրեք քնային դիմակի օգնությամբ, միացրեք որևէ երաժշտություն ռելաքսացիայի համար և սկսեք հաշվել մինչև հարյուրը: Եթե չի հաջողվում քնել միայն թվերի օգնությամբ, ապա դիմեք ոչխարների կամ փղերի օգնությանը:
№3. Հարևանական սեր
Գլխով հարմարավետ հենվեք հարևանի ուսին: Եթե կողքին ձեր ծանոթն է, ապա խնդիրներ չեն առաջանա: Հակառակ դեպքում` կարելի է խորամանկել. ձևացրեք, թե քնած եք, և ձեր գլուխը պատահաբար սահեց հարևանի ուսին: Եթե ձեր տեղը մեջտեղում է, ապա կարող եք ընտրություն կատարել երկու հարևանների միջև, կամ փորձել երկու տարբերակն էլ` հերթականությամբ:
№ 2. «Դեմքով աղցանի մեջ»
Բացեք սեղանիկը, որը ամրացված է դիմացի նստատեղի թիկնակին, և զգուշացրեք բորտուղեցկորդուհուն, որ ձեզ խմիչք պետք չէ: Այժմ դուք կարող եք օգտագործել սեղանիկը` որպես բարձ: կարևորը` հաշվի առնել ձեր չափերը և սեղանիկի հնարավորությունները: Նրա ամրությունը պետք է որ դիմանա ձեր քաշին: Ավելի լավ է` դրա վրա որևէ փափուկ բան դնեք, որպեսզի չարթնանաք` արտադրողի կնիքը ճակատին:
№1. Քնաբեր
Քանի որ վերը նշված բոլոր դիրքերը կարելի է համարել հարմարավետ միայն պայմանականորեն, ապա ամենաօպտիմալ ելքը այս իրադրությունում կարող է լինել քնաբերը: Եթե ձեզ հակացուցված է ցանկացած քիմիական միջոց, ապա պետք է հիշել, որ լավ քնաբեր կարող է լինել նաև հաստափոր գիրքը: Չե՞ք սիրում կարդալ: Փոխարենը սա հարյուրտոկոսանոց երաշխիք է, որ դուք կքնեք ավելի շուտ, քան կհասցնեք հոգնել: