«Կանաչաստան» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանը կազմակերպում են Երևանի առաջին հեծանվուղու և գունազարդված կամարանցումի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 14:00-ին Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում, այս մասին հայտարարված է միջոցառման ֆեյսբուքյան էջում:
Նախատեսվում է կենդանի ջազ համերգ The Nooz Band-ի մասնակցությամբ, նկարչի կողմից 3D վարպետության դաս երիտասարդների համար: Ցանկացողներին անվճար հիմքունքով տրվելու են հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:
Արդեն մեկ տարի է, ինչ «Կանաչաստանը» և Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում են հեծանվային տրանսպորտի զարգացման նպատակով: Այս ընթացքում Կանաչաստան ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի հիման վրա Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների միասնական ջանքերի շնորհիվ նախագծվել է Երևանում առաջին հեծանվուղին, որն անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:
Քաղաքապետարանի ու «Կանաչաստանի» միջոցներով արդեն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները: Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը: