Կա մի հարց, որ շատերին է հետաքրքրում, այն է` ինչպե՞ս կարելի է Հայաստանում զարգացնել արշավագնացությունը. Բոլորն այս հարցին տարբեր պատասխաններ են տալիս։ Ոմանք նախընտրում են վերից վար մոտեցումը, այսինքն` առաջարկում են նախ գտնել խոշոր ներդրումներ և իրականացնել ենթակառուցվածքային բարեփոխումներ, որից հետո, բնականաբար, անհրաժեշտ կլինի սպասել համապատասխան զարգացումների։
Անկասկած, Հայաստանն այդ ամենի կարիքն ունի, սակայն վարից վեր գնացող բարեփոխումները նույնքան անհրաժեշտ են, որքան օրինակ՝ մարդկանց նորովի նախաձեռնությունների ներդրումը, որոնք իրենց ետևից կբերեն նորանոր զարգացումներ։ Նմանատիպ մի նախաձեռնություն է «Համահայկական Արշավային Երթուղի» երկարաժամկետ նախագիծը, որն առաջարկվել է չորս անձանց կողմից, որոնք, լինելով չորս երկրների քաղաքացիներ, համախմբվել են Հայաստանում` երկրի առաջին Համահայկական արշավուղին ստեղծելու նպատակով։
Երթուղին ձգվում է 1000 կմ երկարությամբ՝ ՀՀ հյուսիսային սահմանի մոտ գտնվող Բագրատաշենից մինչև Իրանի հետ սահմանի մոտ գտնվող Մեղրի քաղաքը։ Համահայկական արշավագնացների երկարաձիգ ուղին Անդրկովկասյան արշավուղու քույր նախագիծն է, որը միջազգային արշավախմբերի հեռահար երթուղի ստեղծելու համար գործադրված շատ մեծ ջանքերի արդյունք է և ձգվում է ամբողջ Կովկասով՝ կապելով տարածաշրջանի մոտավորապես երկու տասնյակ գոյություն ունեցող և առաջարկվող ազգային զբոսայգիներ։
Կազմակերպիչների խոսքերով` Անդրկովկասյան արշավուղու հետ համագործակցելու նպատակն այս նախագծի կայունության և իրագործելիության երաշխավորումն է։ «Հայաստանը գտնվում է արշավասերների համար դրախտ համարվող Կովկասում։ Այդ հանգամանքը կօգնի Հայաստանը ներառել աշխարհի արշավագնացների երթուղիների քարտեզում, ինչպես նաև` Հայաստանը միացնել հարևան երկրներում գտնվող արահետներին, ուստի դրանով է հիմնավորվում մեր կողմից այդ երկրների ներգրավումը լայնածավալ այս ծրագրում»,-գտնում է կազմակերպիչներից մեկը։
Չնայած նրան, որ Համահայկական արշավների երթուղին ստեղծվել է խմբային աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ այս գաղափարը ծագել էր դեռ բրիտանացի ֆիլմարտադրող և արկածասեր բլոգեր Թոմ Ալենի մոտ, ով, թողնելով վեբ ծրագրավորողի իր հարմարավետ աշխատանքը, 2006 թվին սկսել էր իր ճամփորդությունը ոտքով, նավով, ձիով և հեծանվով`անցնելով ավելի քան 50 երկիր։
2013 թվին Ալենը և նրա իրանահայ կինը վերջնականապես հաստատվել են Հայաստանում, և, այդ օրվանից սկսած, նա իր կարիերայի գալիք տարիները նվիրել է արշավագնացների երթուղու ստեղծման գործին։
Կազմակերպիչների խմբի մյուս անդամներից են Ալեսանդրո Մամբելին, ով իտալացի ինժեներ է, տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատեր և ինքնակոչ «պրոֆեսիոնալ թափառաշրջիկ», Վահագն Վարդումյանը, ով հեծանվային ակտիվիստ է, էկո-զբոսաշրջության մասնագետ և նախկին ռադիոլրագրող, ինչպես նաև`եթովպական և հայկական արմատներ ունեցող ամերիկահայ Րաֆֆի Կոջյանը, ով Հայաստանում գործող, ժամանակակից զբոսաշրջության մի շարք փայլուն նվաճումների իրականացման պատասխանատուն է։
Դրանք են, մասնավորապես, երկրի առաջին` զբոսաշրջիկների տեղեկատվական գրասենյակի, հետխորհրդային առաջին ուղեցույցի, ծավալուն Armeniapedia.org կայքի ստեղծումն ու Ղարաբաղում երկու շաբաթ տևող,արշավագնացների համար նախաեսված«Ճանապարհ» կոչվող երթուղու ստեղծումը։
Խմբի այս երեք անդամներն արդեն միասին ուսումնասիրել են Հայաստանի զգալի տարածքներ` Համահայկական արշավուղին ստեղծելու համար։ Չնայած նրան, որ ամբողջ նախագիծն ավելի լայնածավալ է և ժամանակատար, Land Rover ընկերության դրամաշնորհի շնորհիվ սկզբնական աշխատանքներն արդեն սկսվել են 2016թ. ապրիլ ամսին։
Դրամաշնորհը ներառում է Land Rover Defender կոչվող ամենագնաց ավտոմեքենա և աշխատանքներին համապատասխան բյուջե, որը բավականացնում է արշավախմբի և սարքավորումների ծախսերը հոգալու համար, ինչը նշանակում է, որ «Մենք ամբողջ ամառ կարող ենք իրապես ուսումնասիրել Հայաստանի վայրի բնությունը և հավաքել թվային տեղեկություններ՝ հետագայում հրապարակելու համար»։
«Այս վերջին պահը չափազանց կարևոր է», – նշել է Ալենը, քանի որ, նրա խոսքով,«լեռնոտ Հայաստանի համար կարևոր տեղագրական քարտեզները մեզ են հասել սառը պատերազմի ժամանակներից և ստեղծվել են Խորհրդային զինվորականների կողմից։ Հանրության համար հասանելի օդային լուսանկարներով քարտեզները հնացած են և շատ վայրերում էլ ցածր լուծում ունեն, ինչն անօգուտ է»:
Նա նաև գտնում է, որ տեղեկատվության նմանատիպ պակասը դժվարեցնում է արշավելը նույնիսկ փորձառու ճանապարհորդների համար։ Ի վերջո, կազմակերպիչների խումբը հույս ունի, որ Համահայկական արշավուղին մոտ ապագայում կապահովի արկածասեր զբոսաշրջիկների կայուն հոսքը տարածաշրջան, և ուրախ է ստեղծել նոր տեսակի երթուղի, որը բոլորովին նոր փորձառություն կապահովի կովկասյան լեռնային տարածաշրջանի արշավասեր հյուրերի համար։
Այս նախագծի սկաուտական մասը փաստագրվում և արձանագրվում է Ալենի և Մամբելիի կողմից՝ «Անդրկովկասյան արշավախումբ» անվան տակ: Նրանց հետաքրքիր ճամփորդություններին կարող եք հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: Նրանք ակնկալում են երթուղու 1500 կմ երկարությամբ ձգվող հատվածի GPS կոորդինատներն ունենալ արդեն 2016 թվի արշավային սեզոնի ավարտին։
Այժմ խմբի անդամները փնտրում են մարզերում ապրող տեղաբնակ գործընկերներ, ովքեր հետաքրքրված կլինեն միասին զարգացնելուպահպանել արշավային երթուղու այն հատվածները, որոնք արդեն համաձայնեցված են ըստնախագծի։
Մեր աշխատանքներում ներգրավվելու ցանկության դեպքում այցելեք մեր կայք՝ www.transcaucasiantrail.com հասցեով։ Աղբյուրը` Hetq.am