Finnair ֆիննական ավիաընկերության մի խումբ բորտուղեկցորդներ թողարկել են երգիծական պատմությունների հավաքածու: «Airborne: Tales From A Thousand And One Flights» (ինչը թարգմանվում է «Հազար ու մի պատմություն թռիչքներից») անունը կրող գրքում ներկայացված են անսովոր և զվարճալի իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել ինքնաթիռում: Ֆինլանդիայի ազգային ավիաընկերությունը՝ Finnair-ը, ստեղծվել է 1923 թվականին:
Այդ ժամանակից ի վեր՝ նրա աշխատակիցները հանդիպել են շատ հետաքրքիր պատմությունների: Օրինակ, բորտուղեկցորդուհիներից մեկը անգլերենի միջին իմացության պատճառով շատ երկիմաստ առաջարկ է արել երկու գործարարներին օգտվելու իր ծառայություններից: Մյուսը ստել է հետաքրքրասեր ուղևորին, ով հարցրել է , թե ինչից է պատրաստված աղանդերը, և ակամա նոր հատապտուղի անուն է հորինել, քանի որ մոռացել է «ազնվամորու» անգլերեն թարգմանությունը:
Երրորդը ստիպված է եղել սկուտեղից և վարագույրներից պատուհան ստեղծել ուղևորի համար, ում տեղը պատուհանի մոտ չի եղել: Գիրքը հրատարակել է Atar հրատարակչությունը, հասանելի է անգլերեն և ֆիններեն լեզուներով: Վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն Ֆինլանդիայի Հոգեկան խանգարումների կենտրոնական ասոցիացիայի ֆոնդին: