Հելսինկիի գլխավոր տեսարժան վայրերից մեկը կդառնա վճարովի․ 2017 թվականից Տեմպպելիաուկիո ժայռի եկեղեցի զբոսաշրջային խմբերին կթողնեն վճարի դիմաց։
Helsingin Sanomat պարբերականի տվյալներով՝ մեկ հոգու տոմսը կարժենա 3 եվրո։ Իսկ ինքնուրույն զբոսաշրջիկները կշարունակեն այցելել եկեղեցի անվճար։
Ժայռի եկեղեցի ամեն տարի այցելում է 500 հազար մարդ, բայց 2015 թվականին նրանց թիվը հասել է 615 հազարի։ Ընդ որում, նրանցից 70%-ը եղել են խմբի կազմում։
Տեմպպելիաուկիո եկեղեցին (ֆին. Temppeliaukion kirkko) լյութերական ծխական եկեղեցի է Töölö թաղամասում, որը նախագծել են ֆին ճարտարապետ եղբայրներ Տիմո և Տուոմո Սուոմալայնենները։ Օծվել է 1969 թվականին։ Եկեղեցու ներքին հատվածը փորված է ժայռի մեջ, բայց շենքում շատ է բնական լույսը, որը ներս է թափանցում ապակե գմբեթից։ Եկեղեցում հաճախ են տարատեսակ համերգներ անցկացվում նրա յուրահատուկ ակուստիկայի շնորհիվ։