Վիեննայի քաղաքային այգում տեղադրված Յոհան Շտրաուսի հանրահայտ արձանը շուտով վառ կարմիր երանգ կստանա: Ոսկեգույնը, որը ծածկում էր բրոնզե արձանը, լրջորեն վնասվել է զբոսաշրջիկների պատճառով և այժմ վերականգման կարիք ունի: Այդ ընթացքում արձանը կծածկեն ալ կարմիր գույնով:
Յոհան Շտրաուսի արձանը, որին բնակիչները փաղաքշական ձևով անվանում են Շանի, հայտնի է «Վալսի թագավոր» անվամբ և ջութակը ձեռքին կանգնած է բարձր պատվանդանի վրա: Հեռվում երևում է սպիտակ մարմարից կամարը` զարդարված հարթաքանդակով. հայտնում է Wien Info-ն: Ամեն օր հուշարձանի մոտ հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ և նրանցից շատերը արձանից փոքրիկ ոսկե կտոր են տանում իրենց հետ:
2011 թվականին արձանը արդեն վերանորոգվել է հենց այդ նույն պատճառով: Վիեննայի տուրիստական ընկերության ներկայացուցիչները արձանի համար ընտրել են ժամանակավոր վառ կարմիր գույն, որը դիմացկուն է խոնավությանը և արտաքին ազդեցություններին: Կարմիր գույնը խորհրդանշում է ուժ, կիրք և տաղանդ. դա այն է, ինչի շնորհիվ ողջ աշխարհով փառքի է արժանացել «Վալսի թագավորը»: