Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նոր խնդիր է ի հայտ եկել: Manganese Bronze Holdings ընկերության սննկացման հետ կապված՝ քաղաքում նկատվում է տաքսիների պակաս: Manganese Bronze Holdings ընկերությունը նկատելով անսարքություններ լոնդոնյան քեբ 400TX4- ի ղեկանիվի կառավարման համակարգում՝ ետկանչ է արել 400 մեքենա: Նույն ժամանակահատվածում նոր մեքենաների արտադրությունը դադարեցվել է:
Արդյունքում, Լոնդոնը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա փողոցներից կարող են վերանալ տաքսիները: Նման իրավիճակը լիովին սպասելի է, քանի որ մայրաքաղաքի քաղաքապետարանը արգելք է մտցրել 15 տարուց ավել շահագործած մեքենաների վրա, ինչը էլ ավելի է կրճատել քաղաքում տաքսիների թիվը: Ինչպես հայտարարել է Լոնդոնի տաքսի ծառայություններից մեկի սեփականատերը՝ քեբերի պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարակին: Իսկ մեծ թվով տաքսու վարորդներ 3 շաբաթվա ընթացքում չեն կարողանում մեքենա գտնել աշխատանքի համար: Այժմ սպասվում է Manganese Bronze Holdings ընկերության հետագա ճակատագրի մասին որոշումը: Այս որոշումից է կախված հայտնի լոնդոնյան քեբերի ճակատագիրը: