Լոնդոնի Բրիտանական թանգարանում հոկտեմբերին կբացվի ճապոնական գրավյուրների ցուցահանդես XVII-XIX դարերի սեքսուալ երևակայության և զվարճանքների մասին: Սյունգայի հավաքածուն՝ Էդո ժամանակաշրջանի (1603-1868 թվականներ) էրոտիկ գրավյուրները, կներկայացվի թանգարանում առաջին անգամ: Իրականում այս ցուցահանդեսը ճապոնական էրոտիկայի համատեքստի սոցիալական և մշակութային լայնամասշտաբ ուսումնասիրությունն է. հայտնում է Newsru.com-ը՝ հղում կատարելով Բրիտանական թանգարանի մամուլի ծառայությանը:
Ցուցանմուշները տրամադրել են կոլեկցիոներները և Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարանները: Բնակիչների սեքսուալ բարոյականությունը ներկայացվել է բավականին բազմազան կերպով. փորագրություններում պատկերված են տարբեր կողմնորոշումների և՛ տարեց, և՛ երիտասարդ մարդիկ: Սյունգան Ճապոնիայում բազմիցս փորձել են արգելել, և XVIII դարում այն ճանաչել են անօրինական: Սակայն անձնական կյանքը մնացել է անձեռնմխելի, և սյունգան շարունակում էր մեծ պահանջարկ վայելել ճապոնացիների շրջանում՝ անկախ սեռից և սոցիալական կարգավիճակից:
Ցուցահանդեսի համադրող Թիմ Քլարկի խոսքերով՝ փորագրությունները դարձել են շատ թանկ և դրանք իրենց կարող էին թույլ տալ միայն վերնախավը, բայց մարդկանց էլ հասանելի են եղել տասյնակ նկարազարդումներով գրքերը: Թեմայի հետ կապված՝ Բրիտանական թանգարանում առաջին անգամ գործում է տարիքային սահմանափակում. մինչև 16 տարեկան երեխաների մուտքը թանգարանի այդ սրահ կթույլատրվի միայն մեծահասակի ուղեկցությամբ: Shunga – sex and pleasure in Japaniese art ցուցահանդեսը կգործի մինչև 2014 թվականի հունվարի 5: Տոմսի արժեքը 7 ֆունտ է (8.3 եվրո):