Եվրամիությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ ավիացիոն համաձայնություն կնքելու հարցում։ Այս մասին հունիսի 16-ին՝ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, ՀՀ խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս մասին գրում է News.am-ը:
Ճշմարիտյանի խոսքով՝ մասնավորապես ընդամենը 3 օր առաջ նա հանդիպել է ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ։ «Ինձ հայտնեցին, որ մեր գործընկերները պատրաստվում են մանդատ ստանալ Հայաստանի հետ միասնական ավիացիոն տարածության շուրջ համաձայնության բանակցությունների համար։ Բանակցությունների բարեհաջող ավարտի համար Հայաստանը պետք է մի շարք չափանիշների համապատասխանի»,- հավելեց նա։
Նշենք, որ այս պահին Եվրամիությունը նման համաձայնագրեր ունի մի շարք բալկանյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի, Իսրայելի, Հորդանանի, Մոլդովայի եւ Մարոկկոյի հետ։