Դուբայի Emirates Airline ընկերությունը բարեգործական United for Wildlife ակցիայի շրջանակներում վայրի կենդանիների պատկերները տեղադրել է իր երկու խոշոր Airbus A380 ինքնաթիռների վրա։
Ինքնաթիռներից մեկի վրա պատկերված են վեց տեսակի կենդանի, որոնք գտնվում են սպառնալիքի ներքո։ Երկրորդ ինքնաթիռի վրա առկա են ռնգեղջյուրներ և փղեր։
«Շատ կենդանիներ, մասնավորապես՝ աֆրիկյան փղերը, ռնգեղջյուրները, վագրերը և սողունները, գտնվում են մեծ ճնշման տակ վայրի կենդանիների ապօրինի առևտրի աննախադեպ աճի պատճառով», —ընդգծել է ավիաընկերության ղեկավար Թիմ Քլարկը։ Նա նշել է, որ աշխարհը գտնվում է գլոբալ ճգնաժամի մեջ, յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա, քանի դեռ շատ ուշ չէ։
«Emirates-ում հավատում են, որ գլոբալ տրանսպորտային արդյունաբերությունը, այդ թվում՝ ավիաընկերությունները, կարող է նշանակալի դեր ունենալ կենդանիների ապօրինի առևտրի շղթան կոտրելու գործում», —հավելել է Քլարկը։