Էդինբուրգում մշակել են կարգախոս, որը պետք է որ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավեր դեպի քաղաքը: Խնդիրը հանձնարարվել էր Marketing Edinburgh ընկերությանը, որը ստեղծվել է հարկատուների հաշվին, որպեսզի խթանի տուրիզմը Շոտլանդիայի մայրաքաղաքում: Marketing Edinburgh-ի մշակած կարգախոսը հանրությանը շատ է բարկացրել: Առաջարկվում է քաղաքն անվանել մեկ բառով՝ «Incrediburgh». սա բառախաղ է, որը բաղկացած է երկու մասից՝ «հրաշալի» և «քաղաք», այսինքն բառը ստացվում է «Հրաշաքաղաք»:
Անգլերեն բառը կարծես թե այնքան էլ հաջող չի ստացվել, ինչպես հայերենում, այդ պատճառով իրենց վրդովմունքն են հայտնել բոլորը, սկսած՝ քաղաքական գործիչներից, մինչև՝ հասարակ քաղաքացիները: Այս կարգախոսով լայնածավալ գովազդային արշավը պետք է մեկնարկեր Սուրբ Ծննդին, և արդեն իսկ ստեղծվել էր համապատասխան հասցեով վեբ կայք:
Ակցիայի ընթացքում պետք է օգտագործվեր համանման մի քանի կարգախոսներ, օրինակ՝ «Romanceisnotdedinburgh» (Ռոմանտիկան ապրում է Էդինբուրգում), որը ուղղված կլիներ ռոմանտիկ զույգերին, իսկ «Grabyoursledinburgh» (Վերցրու սահնակներդ և դեպի Էդինբուրգ) կարգախոսը ցույց կտար զբոսաշրջիկներին ձմեռային հանգստի հնարավորությունները: Սակայն այժմ քարոզարշավի ճակատագիրը հարցականի տակ է. հայտնում է Dailymail.co.uk-ը: Քաղաքային խորհրդի անդամներն ասում են, որ հնարավոր չէ հյուրերին գրավել «հիմար կարգախոսներով», որոնք մարդուն ստիպում են միայն «սարսռալ»: