Ապրիլի 8-ին մի խումբ ճանապարհորդներով լեցուն ավտոբուսը Երևանից շարժվեց դեպի Տաթև, ովքեր ուղևորվում էին Տաթևի վանքում նշելու սուրբ զատիկի օրը:
Ճանապարհը կարճ չէր, սակայն խմբի համար չկար որևէ խոչընդոտող հանգամանք՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու և 9-րդ դարում հայտնվելու համար: Հալիձորը հյուրերին դիմավորեց գարնանային ամպամած եղանակով, սակայն քամին շուտով հանդարտվեց և նրանք կարողացան «Տաթևեր» ճոպանուղով հասնել Տաթևի վանք:
Ճոպանուղուց բացվող տեսարանը ուղղակի հրաշալի է, այն ադրենալինի հսկայական քանակով է ապահովում յուրաքանչյուրին.. 330 մ բարձրության վրա բացվում է Որոտանի կիրճի և Սատանի կամրջի հրաշագեղ տեսարանը: Այս ամենը պետք է տեսնել հենց թռչնի թռիչքի բարձրությունից:
Վանքում հյուրերին դիմավորեց Տեր Միքայելը, որը ուրախությամբ օրհնեց զատկի կերակուրները, ինչպես նաև բոլոր ճանապարհորդներին:
Մարդկանց, ովքեր առաջին անգամ էին տեսնում Տաթևի վանական համալիրը, դժվար էր կտրել խաչքարերից և համոզել դուրս գալու համալիրի տարածքից:
Օրվա ացահայտումն էր այն, որ մեր երիտասարդներին հետաքրքրում է մեր երկրի պատմությունը և նրանք իրոք հավատքին մոտ են, պահպանում են եկեղեցական ծիսակարգերը:
Այնուհետև, Տաթևատանը հյուրերին սպասում էր միջոցառման աշխարհիկ մասը. զատկի ձվերի պատկերազարդման մրցույթ, Տաթևի մասին լավագույն կարգախոսը և այլն:
Զատկի ձվերի պատկերազարդման լավագույնի ընտրությունը դժվար էր, քանի որ բոլոր հյուրերը ցուցաբերել էին ստեղծագործ միտք: Ընտրությունը կատարեց դիզայներ Յուլիա Մակարովան, ով նաև հիանալի ֆոտո-սեսիաներ էր անում ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Լավագույն կարգախոսի հաղթող դարձավ Անյա Հովհաննիսյանը, ում մի քանի տարբերակներից հյուրերին ամենից շատ դուր եկավ հետևյալը. «Տեսնել Փարիզը և մեռնել. Տեսնելը Տաթևը և… էլ ում է պետք Փարիզը»:
Մրցույթից հետո արդեն բոլորը պարում էին քոչարի, շալախո, մշո գորանի…
Որքան էլ, որ ճամփորդները ցանկանային մնալ Տաթևում, սակայն երկուշաբթի բոլորին սպասում էր աշխատանքը Երևանում. թեթև տխրությամբ լցված, բայց հագեցած և հաճելի օրվա հիշողություններով վերադարձան Երևան՝ հուսալով կրկին հանդիպել Տաթևին…
Այցը կազմակերպվել էր «Բալ» ընկերության կողմից: Լուսանկարները՝ Յուլիա Մակարովայի: