Դուբայի իշխանությունները որոշում են կայացրել կառուցել նոր առողջարան, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը հասցնեն տարեկան 20 միլիոնի։ Հերթական հավակնոտ նախագիծը կյանքի կոչելու համար պետք է ստեղծվի երկու արհեստական կղզի և ծախսվի 1,7 միլիարդ դոլար։
Նոր առողջարանը կհայտնվի հայտնի Burj Al Arab հյուրանոցից ոչ շատ հեռու և կկոչվի Marsa Al Arab (Արաբական նավահանգիստ)։ Երկու կղզիների ընդհանուր մակերեսը կլինի շուրջ 40 հազար քառակուսի մետր։ Դրանցից մեկը կառաջարկի ընտանեկան հանգիստ, մյուսում տեղ կգտնեն 140 շքեղ վիլլա և նավահանգիստ զբոսանավերի և մոտորանավակների համար։
Ակնկալվում է, որ առողջարանի շինարարությունը կսկսվի արդեն 2017 թվականի հունիսին և կավարտվի 2020 թվականի վերջին։