Ամեն տարի Դուբայում շքեղ հրավառությամբ ամանորը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։ Այս տարի էմիրության հյուրերին և բնակիչներին սպասվում է «նախկինում չտեսնված» շոու։
Ինչպես հայտնում է «Ռուսական Էմիրությունները»՝ ամանորի գիշերը մասշտաբային ներկայացում կլինի Downtown Dubai թաղամասում՝ աշխարհի ամենաբարձր շենքերից մեկի՝ Burj Khalifa երկնաքերի շուրջ։ Նոր շոուին, որն ստացել է «2018-ին ընդառաջ» անվանումը (Light Up 2018), կմասնակցեն նաև Դուբայի հայտնի շատրվանները։
Ակնկալվում է, որ Դուբայի ամանորյա շոուին կհյուրընկալվի շուրջ մեկ միլիոն մարդ։ Դիտահարթակներ կպատրաստվեն Burj Park այգում։ Հանդիսատեսին խորհուրդ է տրվում հասարակական տրանսպորտով ժամանել 18:00-ից ոչ ուշ, որպեսզի կայանելիս խցանումներ չառաջանան։ Downtown Dubai թաղամասում կտեղադրվեն հատուկ էկրաններ, որտեղ կհեռարձակվի ամանորյա շոուն։ Իսկ mydubainewyear.com կայքում այն կարող են դիտել նրանք, ովքեր չեն կարողացել մեկնել Դուբայ տոներին մասնակցելու։