Դուբայը զեղչային քարտ է թողարկել զբոսաշրջիկների համար
Անցյալ տարի Դուբայ է այցելել 15,79 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 6%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։
Մայիսի 16-ից Դուբայում (ԱՄԷ) կսկսեն վաճառվել Dubai Pass զբոսաշրջային քարտերը, որոնց օգնությամբ քաղաքի հյուրերը կարող են զգալիորեն գումար խնայել տեսարժան վայրեր այցելելիս։ Քարտը հնարավորություն է տալիս այցելել քաղաքի 33 առանցքային տեսարժան վայրերը, որոնց թվում են աշխարհի ամենաբարձր Burj Khalifa երկնաքերը, ժամանցի այգիները, Ski Dubai փակ լեռնադահուկային համալիրը և անապատում սաֆարի տուրերը։ Dubai Pass գնելով` զբոսաշրջիկները նաև կարող են 50-տոկոսանոց զեղչ ստանալ La Perle աքվաթատրոն այցելելու համար։
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ քարտի արժեքը սկսվում է 399 դիրհամից ($109), որով կարելի է այցելել երեք տեսարժան վայր յոթ օրվա ընթացքում, և հասնում մինչև 899 դիրհամի ($245) երեք օր ցանկից ցանկացած վայր անսահմանափակ այցելելու համար։ Իշխանությունները մտադիր են 2020 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասցնել 20 միլիոնի։