Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ֆրանսիական Բովե (Beauvais) օդանավակայանում հարբած ուղևորների վտանգավոր վարքագծի պատճառով: Ինքնաթիռը թռիչք է կատարել Գլազգոյից Իբիցա հանգստավայր:
Տասնվեց ուղևորները, ովքեր ճանապարհորդել են միասին, ալկոհոլ են ձեռք բերել duty-free խանութից, հետո ինքնաթիռի սրահում խմել ամբողջը. հայտնում է News.stv.tv-ն: Դրանից հետո նրանք սկսել են աղմկել, վիճել մյուս ուղևորների հետ, հետո` երգել և պարել: Նրանցից ոմանք նույնիսկ փորձել են լքել ինքնաթիռը, քանի որ, իրենց կարծիքով, իրենք արդեն հասել են Իբիցա: Օդանավի կապիտանը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարելու որոշում կայացնել:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզից հարյուր կիլոմետր հյուսիս. թռիչքուղում խմբին արդեն սպասել է ոստիկանությունը: Անդորրը խախտողների ձերբակալումից հետո ինքնաթիռը շարունակել է դեպի Իբիցա իր թռիչքը: Հարբած շոտլանդացիներին պահել են ոստիկանատանը մինչև առավոտ, որից հետո նստեցրել են դեպի Փարիզ գնացող գնացք: Հայտնի է, որ Ryanair-ի անձնակազմը բողոք է ներկայացրել դատարան. թե երբ զբոսաշրջիկները կհայտնվեն դատարնում, դեռ պարզ չէ: