Միջոցառման կազմակերպիչները առաջարկում են 36 ընտրյալներին այս լեռնադահուկային սեզոնի ամենաանսովոր ընթրիքը. բարձրակարգ ուտեստները երկրնքում՝ երկրի մակերևույթից 380 մետր բարձրության վրա Vanoise Express-ի խցիկում, որտեղից պանորամային տեսարան է բացվում դեպի ձյունածածկ Ալպերը:
Այս լեռնադահուկային սեզոնի ամենաանսովոր ընթրիքը կտրվի այս հինգշաբթի Ալպերում՝ աշխարհի խոշորագույն ճոպանուղու երկհարկանի խցիկում. այս մասին հայտնել է Paradiski առողջարանի մամուլի ծառայությունը:
Paradiski (Դահուկային դրախտ) առողջարանը ֆրանսիական Սավոյայում գտնվում է Vanoise լեռնազանգվածում: Միավորելով La Plagne և Les Arcs առողջարանները՝ այն ստեղծում է աշխարհահռչակ դահուկային տարածաշրջան, որը եզակի է իր աշխարհագրական դիրքով և սահուղիների բազմազանությամբ:
Հաղորդագրությունում նշվում է, որ 36 հյուրերը կբարձրանան Vanoise Express ճոպանուղու երկու խցիկներ ժամը 19.00-ին. 18 մարդ յուրաքանչյուր առողջարանի կողմից: Այնուհետև երկու խցիկները կկանգնեցվեն հավասար տարածության վրա՝ մեկնման կետից մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Ponturin հովտում՝ Aiguille Rouge (Les Arcs) և Dôme de Bellecôte (La Plagne) լեռնածանգվածների մեջտեղում: Ընթրիքը կսկսվի 19.30-ին և կտևի երկու ժամ: Այդ ընթացքում խցիկները կգտնվեն երկրից 380 մետր, իսկ ծովի մակերևույթից՝ 1750 մետր բարձրության վրա:
«Սավոյայի խոհանոցը ժամանակակից մեկնաբանությամբ» թեմայով հինգ ուտեստներից բաղկացած ճաշացանկը այս յուրօրինակ ընթրիքի համար կպատրաստի անձամբ ֆրանսիացի հայտնի ավագ խոհարար Ստեֆան Ֆրուադեվոն:
Ճոպանուղու խցիկները ներսից ամբողջովին փոխակերպված կլինեն ռեստորանի. սեղաններ, աթոռներ, լույսեր, լամպեր շքեղ բարոկկո ոճով: Այս խոհարարական արկածի մասնակիցներ կդառնան Paradiski առողջարանի հյուրերից տեղի վիճակահանության հաղթողները, ովքեր սկի փասսեր ձեռք կբերեն փետրվարի 7-14-ի համար: