18 խուլ, մեկ լսողական խնդիրներ ունեցող և երեք թույլ լսողությամբ ուղևորների արգելվել է թռչել Air Mediterranee ավիաընկերության Ֆրանսիա-Թուրքիա չվերթով:
Արգելքի պատճառը, ինչպես հայտարարվել է, ուղևորների հաշմանդամությունն է: Խմբի սուրդոթարգմանիչը պատմել է, որ 22 հոգանոց խումբը պատրաստվել է Մարսելի օդանավակայանից թռչել Թուրքիա` հանգստանալու: Բոլորը առանց խնդրի անցել են թռիչքի գրանցման բաժինը և հանձնել են ուղեբեռը: Սակայն թռիչքի պահին օդանավի հրամանատարը հայտնել է, որ «անվտանգությունից ելնելով» այդ մարդիկ չեն կարող բարձրանալ ինքնաթիռ: Օդաչուի վրա չի ազդել նույնիսկ հավաստիացումները, որ այս խումբը 2010 թվականին արդեն թռչել է Թունիս:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Անն Լյուբեն նման պահվածքը բացատրել է նրանով, որ փոխադրողին նախօրոք չի տեղեկացվել, որ օդանավում լինելու է հաշմանդամների խումբ: «Թույլ լսողության տեր մարդիկ հավասար են սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց, և մենք նման դեպքերում պետք է ունենանք լրացուցիչ աշխատակազմ»,-նշել է նա:
Սակայն փաստաբանները նշում են, որ, ըստ օրենսդրության, միայն խուլ և կույր մարդիկ են հավասար սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց, իսկ խմբում եղել են ոչ միայն խուլեր, այլև թույլ լսողություն ունեցողներ: Սա է պատճառը, որ տուրիստական ընկերությունը չի զգուշացրել ավիաընկերությանը, նշում է monacomatin.mc-ը:
Այժմ զբոսաշրջիկները պատրաստվում են գործը հանձնել ex-Halde` Խտրականության և անհավասարության դեմ պայքարի բարձրագույն մարմին: