Ավազը, հատկապես սպիտակը, հղի է վտանգներով. զգուշացնում են կատալոնյան դերմատոլոգները: Մասնագետների խոսքերով՝ հենց սպիտակ լողափնյա ավազն է արտացոլում ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը, որը նույնպես կարող է առաջացնել այրվածքներ:
Սովորաբար հատուկ ուշադրություն է դարձվում արևին, բայց ավազը նույնպես կարող է վտանգավոր լինել. նշում են մասնագետները: Որքան նրա գույնը բաց է, այնքան՝ ավելի վտանգավոր է. հավելում են նրանք: Արևի ճառագայթները արտացոլվում են նրանից, բացի այդ, բոլորին հայտնի է, որ տաք ավազը նույնպես կարող է այրել ոտքերը: Սակայն, ցավը սովորաբար ստիպում է մարդկանց հեռանալ այրող ավազի վրայից, իսկ ճառագայթների դեպքում՝ ավելի բարդ է:
Սա միակ վտանգը չէ, որ կարող է առաջացնել լողափնյա սպիտակ ավազը. վստահեցնում են դերմատոլոգները: Պակաս վտանգավոր չեն նաև մանրէները, որոնք բազմանում են խոնավ ավազում: Լողափում հաճախ կարելի է տեսնել բազմաթիվ մակաբույծների, որոնք հատկապես վտանգավոր են թաց և կեղտոտ ավազում: Չնայած դրան՝ բժիշկները պնդում են, որ ոտաբոբիկ քայլելը օգտակար է՝ շնորհիվ շերտազատող ազդեցության: