Պրահա 10 համայնքային գրասենյակը որոշում է կայացրել ետ գնել այն առանձնատան մի մասը, որտեղ ապրել է հայտնի չեխ գրող Կարել Չապեկը. հայտնում է Novinky.cz կայքը: Առանձնատան սեփականատերը բանակցություններից հետո իջեցրել է տան կես մասի և գրողի իրերի գինը: Պրահա 10-ը համաձայնվել է վճարել այդ ամենի համար 43.891 միլիոն կրոն:
Ընդ որում, որոշ օտարերկրացիներ առաջարկել են 55 միլիոն կրոն, բայց սեփականատերը որոծել է տան կեսը վաճառել համայնքային իշխանություններին: «Ես ենթադրում են, որ կստեղծվի Չապեկ եղբարների թանգարան և ցուցասրահ, իսկ դրանք կապված կլինեն կրթական կենտրոնի հետ », – հայտարարել է Պրահա 10-ի համայնքապետ Բոգումիլ Զոուֆալիկը: Թանգարանը և ցուցասրահը բաց կլինեն այցելությունների համար:
Համայնքային ղեկավարությունը կստեղծի հատուկ հանձնաժողով, որը պատասխանատու կլինի ցուցանմուշների և թանգարանի աշխատանքի համար: Մասնագետները հատկապես նշում են, որ ամբողջովին պահպանվել է Կարել Չապեկի աշխատասենյակը, ինչպես նաև` տարբեր փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ, կահույքի մասեր և բազկաթոռը, որի վրա նստել է նախագահ Մասարիկը: