Պրահայի տրանսպորտային ընկերությունը (ՊՏԸ) նախատեսում է ավելացնել հատուկ վագոններ ծանոթությունների համար, որոնք կհայտնվեն արդեն այս տարի: Aktualne.cz կայքի տեղեկատվությամբ՝ Պրահայի փոխադրողները ցանկանում են մետրոյով ճանապարհորդությունը դարձնել ավելի հաճելի և բազմազան և, միևնույն ժամանակ, ժողովրդականացնել հասարակական տրանսպորտը:
Ներկայումս ուղևորների շրջանում անցկացվում է համապատասխան հարցում: Դրա արդյունքները կազդեն ծանոթության վագոնների շարժման հաճախականության և քանակի վրա: «Հասարակական տրանսպորտում մարդիկ տեսնում են միմյանց, ոմանք միմյանց համակրում են: Մենք ցանկանում ենք ճանապարհորդությունները ավելի հաճելի դարձնել և հնարավորություն տալ միայնակ մարդկանց ծանոթություններ հաստատել: Մարդիկ պետք է հասարակական տրանսպորտով ուղևորության մեջ օգուտ տեսնեն», -նշել է ՊՏԸ-ի մամուլի քարտուղար Ֆիլիպ Դրապալը:
ՊՏԸ-ն և ROPID ընկերությունը մշակել են հասարակական տրանսպորտի ժողովրդականացման մի ամբողջական ծրագիր «Ուրիշ որտե՞ղ» (Kde jinde) անվանումով, որի շրջանակներում կտպագրվեն ցուցանակներ, որոնք կպատմեն նրա առավելությունների մասին: Օրինակ, տրամվայով ուղևորության ընթացքում կարելի է օտարալեզու գիրք, թերթ, դասագիրք կարդալ կամ սոտւգել էլեկտրոնային փոստը: