Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հյուրանոցի սեփականատեր։ Պորտուգալական Մադեյրա կղզում սկսել է գործել չորս հյուրանոցներից առաջինը, որոնք նախատեսում է բացել հանրահայտ ֆուտբոլիստը։
Pestana CR7 Hotel հյուրանոցը գտնվում է Ֆունշալ (Funchal) քաղաքի կենտրոնում՝ Plaza del Mar հրապարակում։ Հյուրերի տրամադրության տակ են անհատական կլիմայական կարգավորումներով և սմարթ հեռուստացույցներով 49 համարները, ինչպես նաև՝ շոգեբաղնիքն ու մարզասրահը։ Հյուրանոցի տանիքին է գտնվում լողավազանը, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Ֆունշալի ծովածոցը և քաղաքային թաղամասերը։
Ինչպես հայտնում է «Испания по-русски» -ն՝ հյուրանոցի մոտ բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը։ Նոր հյուրանոցում բնակության մեկ գիշերը կարժենա սկսած 180 եվրոից։
Ֆուտբոլիստը մյուս երեք հյուրանոցները նախատեսում է բացել Լիսսաբոնում, Մադրիդում և Նյու Յորքում։