Իտալիայում հրատարակվել է երկրի լավագույն պիցցերիաների ուղեցույցը։ Gambero Rosso մեդիա-հոլդինգի խոհարարական քննադատները հինգերորդ Pizzerie d’Italia-ում ընդգրկել են 54 հաստատություն։ Այդ մասին գրում է «Եվրոպուլս» պորտալը։
Նոր ուղեցույցը ներառում է պիցցերիաները, որոնք հայտնվել են Gambero Rosso-ի ամենամյա վարկանիշային աղյուսակում։ Նման հաստատությունների թվով ռեկորդակիր է ճանաչվել իտալական Կամպանիա շրջանը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ հենց այս շրջանն է համարվում պիցցայի ծննդավայրը։ Լավ պիցցերիաներ ունեն նաև Տոսկանան և Լացիոն։
Իսկ ամենալավ իտալական պիցցան, ըստ ուղեցույցի, պատրաստում են Կալյարի քաղաքի Framento ռեստորանում։ Այն կոչվում է L’immuginazione։ Նրա յուրահատկությունն այն է, որ լցոնի մեջ ավելացնում են Պեկորինո թարմ պանիր, պասերացված լոլիկ և անանուխ։
Հրաշալի նեապոլիտանական պիցցա են պատրաստում Նեապոլ նահանգի Սան Ջորջո ա Կրեմանոյի Pizzeria Salvo da Tre Generazioni պիցցերիայում։ Paparuolo ’Mbuttunato-ի բաղադրության մեջ է մտնում դեղին, քաղցր պղպեղների մածուկ, ապխտած գոմեշի կաթի մոցարելլա, Պրովոլոնե պանիր, մարինացված պղպեղ և մաղադանոս։
Քաղցր պիցցայի սիրահարներին փորձագետները խորհուրդ են տալիս այցելել Կայացցոյի Pepe in Grani պիցցերիա և համտեսել Crisommola, որը ծիրանով է, ռիկոտտոյով, ընկույզով և անանուխով։ Լավագույն առանց գլյուտենի պիցցայի համար կարելի է այցելել Սենիգալլիայի Mezzometro Pizza ռեստորան։
Pizzerie d`Italia del Gambero Rosso 2018 ուղեցույցը կարելի է ձեռք բերել 8,90 եվրոյով Իտալիայի թերթի կրպակներում և գրախանութներում, ինչպես նաև՝ համացանցում։