Կոլումբիայի Մեդելին քաղաքում, որը աշխարհին հայտնի է` որպես կոլումբիական թմրամիջոցների լորդ Պաբլո Էսկոբարի բնակավայր, տուրգործակալությունները առաջարկում են նոր տուր` հանդիպում Պաբլո Էսկոբարի եղբոր հետ: Ուղևորության արժեքը ընդամենը 30 դոլար է: Լեռնային ճանապարհին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Մեդելին` Կոլումբիայի մեծությամբ երկրորդ քաղաքը, կա մի երկհարկանի տուն: Հենց սա է եղել Պաբլո Էսկոբարի ապաստանը և հենց այստեղ են բերում զբոսաշրջիկներին, որպեսզի պատմեն լորդի կյանքի պատմությունը:
Այս տանը նա նշել է իր տարեդարձը, իսկ հաջորդ օրը սպանվել` ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում: Այժմ սա թանգարան է, որտեղ կարելի է հետաքրքիր լուսանկարներ անել, ուսումնասիրել թաքստոցներն ու պահեստները, որտեղ ոստիկանական հետախուզության ժամանակ պահվեն են ոչ միայն թմրանյութեր, այլև թաքնվել են հենց թմրամոլները, տեսնել կապույտ բեռնատարը` կայանված ետնաբակում. հենց այս մեքենայով է Պաբլոն առաջին անգամ կոկաինը տեղափոխել Կոլումբիայից Պանամա: Իսկ վերջում կարելի է սրճել Պաբլոյի եղբոր հետ:
Ռումբի պայթյունից կիսակույր և կիսախուլ դարձած Ռոբերտո Էսկոբարը հաճույքով պատմում է իր հայտնի եղբոր կյանքի մասին: Այն հարցին, թե ինչն է իր համար ամենահիշարժանը, նա պատասխանում է, որ դա եղբոր հետ բանտից փախուստն է: Ինչպես գրում է CNN-ը` տեղաբնակների համար թմրանյութերի լորդը եղել է մերօրյա Ռոբին Հուդ, ով տներ է կառուցել իր աղքատ հարևանների համար: Ի դեպ, տեղացիները դեռևս հավատում են, որ նա մեծ գանձեր է թողել, իսկ էքսկուրսավարը ցույց կտա փամփուշտների հետքերը, որոնք մնացել են փոխհրաձգությունից, երբ ավազակները փորձել են թալանել Էսկոբարի տունը` կուտակված հարստությունը գտնելու հույսով: