Կոլումբիան ստեղծել է երթուղի՝ նվիրված Մարկեսին

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենիքում զբոսաշրջիկներին առաջարկում են թեմատիկ տուրեր: Գնալով ավելի հարմարավետ և հետաքրքիր է դառնում «Մակոնդո երթուղին», որի վրա աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ: Մակոնդոն գեղարվեստական քաղաք է, որտեղ տեղի են ունենում «Հարյուր տարվա մենություն» հայտնի վեպի իրադարձությունները: Նրա նախատիպ է հանդիսացել Մարկեսի հայրենի քաղաքը՝ Արակատական, որը գտնվում է Կոլումբիայի Մագդալենա նահանգում: Ավելի վաղ Արակատակայի քաղաքապետը, մեկնելով Եվրոպա, զարմանքով հայտնաբերել է, որ այնտեղ շատերը չեն լսել ոչ Բոգոտայի, ոչ Մեդելինի մասին, բայց, փոխարենը, հարցնում են Մակոնդոյից, որի մասին իմացել են հայտնի վեպից: Արդյունքում որոշվել է ստեղծել համապատասխան տուրիստական ուղղություն՝ կապված գրքի և հեղինակի հետ:

Ruta Macondo Realismo Mágico

70-կիլոմետրանոց  «Մակոնդոյի կախարդական ռեալիզմի երթուղին» (Ruta Macondo Realismo Mágico) անցնում է այն վայրերով, որոնք ոգեշնչել են գրականության Նոբելյան մրցանակակիր գրողին՝ ստեղծելու իր աշխատանքները: Շրջագայությունը սկսվում է նահանգի մայրաքաղաքից՝ Սանտա Մարտայից, շարունակվում Սիերա  Նևադա դե Սանտա Մարտա լեռների երկայնքով մի կողմից և Կարիբյան ծովի երկայնքով մյուս կողմից  և ավարտվում  Արակատակայում: Ճանապարհորդությունը կարելի է կատարել ինչպես ժամանակակից ավտոբուսներով, այնպես էլ՝  ավանդական կոլումբիական chiva (չիվա) ավտոբուսներով: ճանապարհի գլծավոր տեսարժան վայրերից մեկը Մարկեսի վերանորոգված տուն-թանգարանն է, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը:

Macondo

Նախագծի շրջանակներում նաև կկառուցվի  Macondo Realismo Mágico թեմատիկ հյուրանոցը, որը կազմված է մի քանի շենքերից. գրում է BuenoLatina.ru-ն: Դրանցից յուրաքանչյուրի անվանումը կապված կլինի  «Հարյուր տարվա մենություն» վեպի և Մարկեսի մյուս ստեղծագործությունների հետ: Բացի այդ կվերանորոգվի Արակատակայի Սբ. Իոսիֆի եկեղեցին,  որտեղ կնքվել է գրողը, ինչպես նաև՝ Casa del Telegrafista թանգարանը: Եվ վերջապես, նախատեսվում է վերանորոգել գրողի տուն-թանգարանի սրահներից մեկը: Այնտեղ կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Մարկեսի կյանքին և գործունեությանը:

You might also like