Եվրոպական Միության անդամ 27 երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստանի տարածք կարող են մտնել առանց մուտքի արտոնագրի։
Այս մասին կառավարության` դեռ անցած տարվա հոկտեմբերին ընդունած որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտնում:
Երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի այս քայլը Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության համատեքստում է: Արևելյան գործընկերության ծրագրով Եվրոպան նույնպես 2012-ի դեկտեմբերին Հայաստանին ընդառաջ քայլ արեց՝ Հայաստանի 16 խումբ քաղաքացիների համար դյուրացնելով մուտքի արտոնագիր ստանալը`ուսանողներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, արվեստի գործիչներ, Եվրոպայում օրինական բնակվող հարազատներ ունեցողներ, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձիք:
ԵՄ և Հայաստանի միջև ստորագրված փաստաթուղթով նախատեսվում է նաև Շենգենյան մուտքի արտոնագրի գինը 60 եվրոյից նվազեցնել մինչև 35 եվրո, այն անվճար տրամադրել երեխաներին, թոշակառուներին և պաշտոնական պատվիրակությունների անդամներին: / PanArmenian.net