Ապակե հատակով կամուրջ են կառուցել չինական հարավարևելյան Հունան նահանգում։ 99 տոկոսով պատրաստ կառույցը գտնվում է 300 մետր բարձրության վրա։ Կամուրջը կբացեն այս ամռանը․ հայտնում է High Snobiety պորտալը։
Աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկը գտնվում է Չժանցզյացզե (Zhangjiajie) անդունդի վրա։ Նրա երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը՝ վեց մետր։Կառույցի հատակը պատրաստված է շուրջ հինգ սանտիմետր հաստությամբ ապակե վահանակներից։ Կամուրջն ունի բանջի-ջամփինգի (մարմնին ամրացված պարանով թռիչքների) հարթակ, ինչպես նաև՝ երեք բարձր ճոճանակ։
Կառույցը նախագծել է իսրայելցի ճարտարապետ Հաիմ Դոտանը (Haim Dotan)։ Շինարարությունը սկսվել է 2014 թվականի նոյեմբերին։ Կամուրջը հանրության համար պետք է բացվեր մայիսին, սակայն անձրևների պատճառով միջոցառումը հետաձգվել է։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա հունիսին կամ հուլիսին։
Աշխարհի ամենաբարձր կամուրջը գտնվում է Ֆրանսիայում։ Միյո քաղաքի մոտ Տարն գետի վրա կառուցված կամուրջը գերազանցում է 340 մետրը։ Նրա երկարությունը շուրջ 2,5 հազար մետր է։