Վենետիկի ջրանցքները վերածվել են կեղտոտ ճահճի
Ջրի մակարդակն իջել է 60 սմ-ով, որի արդյունքում քաղաքի որոշ հատվածներ զրկվել են միակ փոխադրամիջոցից՝ գոնդոլներից։
Վենետիկի դիմակահանդեսի զբոսաշրջիկների բախտը կրկին չի բերել։ Արյունոտ լուսնի և տեղումների քիչ քանակի պատճառով քաղաքի ջրանցքները ցամաքել են։ Այդ մասին գրում է The Independent-ը։
Վենետիկի համաշխարհային ճանաչում ունեցող ջրանցքները այստեղ անցկացվող դիմակահանդեսի օրերին զգալիորեն ցամաքել են, ինչի արդյունքում քաղաքի որոշ ջրային ճանապարհներ ամբողջությամբ փակ են։
Դրա պատճառը, ըստ տեղացի փորձագետների, տեղումների քիչ քանակն է, որն էլ Լուսնի՝ մեր մոլորակին մոտ լինելու հետևանքն է, ինչպես նաև՝ անձրևների ու քամու բացակայություն։ Արդյունքում ջրի մակարդակը Վենետիկում իջել է ավելի քան 60 սմ՝ ջրանցքի որոշ հատվածներ վերածելով կեղտոտ ճահճի։
Գոնդոլների սեփականատերերը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, ինչը ոչ միայն նրանց զրկել է գումարից, այլև՝ քաղաքի մի մասը թողել առանց միակ փոխադրամիջոցի։ Լիովին նավարկելի մնացել է թերևս միայն Գրանդ ջրանցքը՝ Վենետիկի գլխավոր տրանսպորտային միջացքներից մեկը։ Կոմունալ ծառայությունները փորձում են լուծել այդ խնդիրը ջրի արհեստական հոսքի միջոցով։ Սակայն ջրանքները լցնելու համար ռեսուրսները չեն բավականացնում։
Առավել հաճախ Վենետիկում խնդիր են ջրհեղեղները։ Սակայն նման դեպքեր, երբ ջրի մակարդակը զգալիորեն իջնում է, ևս պատահում են։
2016 թվականին ջրի մակարդակը իջել էր 66 սմ-ով, 2008-ին և 1989-ին՝ 90 սմ-ով։ Ռեկորդային ցամաքում տեղի է ունեցել 1934 թվականին, երբ ջրանցքներում ջրի մակարդակը նվազել է 121 սմ-ով։ Ըստ կանխատեսումների ՝ իրավիճակը կկարգավորվի առաջիկա շաբաթվա ընթացքում, երբ Վենետիկում անձրև տեղա։
Անցյալ հանգստյան օրերին Վենետիկում տեղի ունեցավ Վենետիկյան դիմակահանդեսի գլխավոր գործողություններից մեկը՝ Հրեշտակի թռիչքը։ Ինչպես և նախատեսվում էր՝ դրան կարողացել է հետևել միայն 20 000 մարդ։ Մարդկանց քանակությունը սահմանափակելու որոշում կայացրել է Քաղաքի անվտանգության հանձնաժողովը հսկա հերթերի և մեծ զբոսաշրջահոսքի պատճառով։
Դիմակահանդեսը մեկնարկել է հունվարի 27-ին և կտևի մինչև փետրվարի 13։