Ադրբեջանը մարտի 12-ին դադարեցրել է իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի մասնակցության դեմ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի փոխացնմամբ՝ Ադրբեջանի տաղավարի վրա փակցվել են պաստառներ, որոնցով արտահայտնվում է իրենց դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արցախի մասնակցությունը թույլ տալու համար:
Միևնույն ժամանակ, բազմաթիվ ադրբեջանցիներ պետական դրոշներով շրջափակելով Արցախի տաղավարը, անհաջող փորձեր են ձեռնարկել խափանելու արցախցիների աշխատանքը: Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի մոտ՝ փորձելով նաև վնասել այն:
Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը ցուցարարներին դուրս է բերել սրահից: Ցույցի ցրումից հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր աշխատանքը: Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ PR-գովազդ հանդիսանալով Արցախի համար: