Անհարմար իրավիճակում են հայտնվել Նյու Դելիից Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր թռչող Air India-ի ինքնաթիռի ուղևորներն ու ողջ անձնակազմը: Ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, քանի որ զուգարանից վերադարձած կապիտանը չի կարողացել մուտք գործել իր խցիկ: Դուռը փակվել է, իսկ երկրորդ օդաչուին չի հաջողվել բացել այն ներսից: Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին. հայտնում է Telegraph.co.uk-ն:
Երբ ուղևորները նկատել են, որ կապիտանին չի հաջողվում մուտք գործել իր խցիկ, նրանց մոտ խուճապ է սկսվել: Երկրորդ օդաչուին մնացել է միայն արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Վայրէջքը Բհոպալ քաղաքում (երկրի կենտրոնական մաս) հաջողությամբ ստացվել է. տեղի տեխնիկները կարողացել են բացել դռան փականը և մեկ ժամ անց ինքնթիռը շարունակել է իր թռիչքը: Այն Բանգալոր է ժամանել 22:30-ին: Air India-ի ներչկայացուցիչները միջադեպից հետո բացատրել են, որ իրավիճակը վտանգ չի ներկայացրել. երկրորդ օդաչուն կարող էր ուղևորներին հասցնել նպատակակետ:
Արտակարգ վայրէջքի պատճառը բացառապես եղել է առաջացած խուճապը և անհանգստացած ուղևորների ոչ ադեկվատ վարքը: Երկու տարի առաջ նման միջադեպ է գրանցվել նաև Ֆինլանդիայի լաստանավում. կապիտանը կրկին գնացել էր զուգարան, բայց այս դեպքում փակվել էր զուգարանի դուռը: Նա չէր կարողացել վերադառնալ իր խցիկ, իսկ լաստանավը բախվել էր ժայռին: Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չէր ստացել: