Սեուլում (Հարավային Կորեա) բացվել է Mies Container սրճարանը, որի առջև շաբաթվա ցանկացած օր գոյանում է կանանց և աղջիկների մեծ հերթ: Ընդ որում՝ ճաշացանկը և սրճարանի ինտերիերը ոչնչով աչքի չի ընկնում, իսկ միջին հաշիվը բավականին բարձր է:
Կանանց գրավում է այլ բան՝ երիտասարդ, գեղեցիկ և շատ քաղաքավարի մատուցողները: ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկները այս սրճարանը անվանել են «Hooters կանանց համար», ինչը չի արտացոլում սրճարանի հայեցակարգը, քանի որ մատուցողները չեն մերկանում և սիրախաղ անում: Նրանք պարզապես ուրախ տրամադրությամբ ընդունում են հաճախորդներին, ժպտում են և կարողանում են ընկերական զրույցի բռնվել:
Պարզվում է՝ սա բավական է, որ կանայք հերթ կանգնեն, թողնեն շռայլ թեյավճարներ և նույնիսկ սիրային երկտողեր թողնեն մատուցողներին: Mies Container սրճարանը չունի պաշտոնական կայք, այն գովազդի կարիք չունի. այցելուները իրենք են պատմում ընկերուհիներին այս սրճարանի մասին և հիացական կարծիքներ գրում սոցիալական ցանցերում: