Ապրիլի 7-ին ԵՊՀ-ում կբացվի հեծանվային կայանատեղի: Այն իր ուժերով կառուցում է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
«Այստեղ կարող են տեղավորվել միանգամից 18 հեծանիվ: Այդ հեծանիվների անվտանգությունը հնարավորինս ապահովված է: Տեղադրելու ենք առաջիկայում տեսախցիկներ և այն գտնվելու է պահակի վերահսկողության տակ»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսախցիկները տեղադրվելու են ԵՊՀ-ի միջոցներով:
Մայր համալսարանի հեծանվային կայանատեղին կառուցվում է Ֆիզկուլտուրայի ամբիոնի շենքի հարակից հատվածում, որտեղ է գտնվում նաև մեքենաների կայանատեղին:
Համալսարանականների համար հաջորդ կայանատեղին «Հեծանիվ+» ՀԿ-ն, նախնական պայմանավորվածությամբ, կառուցելու է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակում:
«Մենք նախապես որոշել էինք, որ երկրորդ կայանատեղին կառուցելու ենք Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանում: Բայց անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ առաջացան: Ես չեմ կարող վտանգել հեծանիվների ապահովությունը: Չեմ կառուցի կայանատեղի մի տեղ, ուր համոզված չեմ, որ հեծանիվները չեն գողանա, իսկ գողանալուց հետո կայանատեղին կդադարի գործելուց»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե Ֆրանսիական համալսարանը կարողանա ապահովել հեծանիվների անվտանգությունը իրենք աշխատանքները կսկսեն արդեն ապրիլի կեսերից:
Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ կայանատեղին գործելու է անվճար հիմուքներով: / ԹԵՐԹ.ամ