Ամառային տուրիստական սեզոնն ամփոփելով՝ Բուլղարիայի իշխանությունները նշել են, որ ամենակարևոր խնդիրներից մեկը, որին ստիպված են լինում բախվել օտարերկրացի հյուրերը իրենց երկրում, լեզվական արգելքն է: Իսկ ոստիկաններին դիմելու դեպքում, ինչը հազվադեպ չի պատահում, այդ խնդիրը ավելի լրջանում է: Բուլղարիայում զբոսաշրջության մասնաբաժինը կազմում է ՀՆԱ-ի 12-14%-ը: Այս ամառ երկիրն ընդունել է 5%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան անցած տարի:
Սև ծովի ափամերձ տարածքում կարգ ու կանոնի պահպանման համար ուղարկվել է 600 լրացուցիչ ոստիկան. հայտնում է Novinite.com-ը: Սակայն, նրանցից և ոչ մեկը գրեթե չի տիրապետում որևէ օտար լեզվի. նշում են Բուլղարիայի իշխանությունները: Այդ առնչությամբ, որոշում է կայացվել 2013 թվականի հունվարից սկսել ոստիկաններին օտար լեզուների դասավանդումը, առաջին հերթին՝ անգլերեն: