Աշխարհի ամենատարօրինակ կառույցների Strange Buildings միջազգային կայքը անցկացնում է քվեարկություն, որի նպատակն է կազմել առավել արտառոց շենքերի վարկանիշային աղյուսակը: Ներկա դրությամբ առավել շատ ձայներ է հավաքել բուլղարական տուն-խխունջը:
Հսկա գունավոր խխունջը տեղակայված է Սոֆիայի Սիմեոնովո թաղամասում: Այն կառուցվել է 2008 թվականին: Սկզբում ենթադրվում էր, որ այնտեղ կլինի մանկապարտեզ կամ շնորհալի երեխաների դպրոց, հետո խոսվեց այն մասին, որ այն գնել է բուլղարացի մի գործարար՝ որպես մասնավոր բնակատեղ: Հիմա տունը անբնակ տեսք ունի:
Ամենատարօրինակ կառույցների վարկանիշային աղյուսակում տուն-խխունջը առաջ է անցել Բարսելոնի Սուրբ Ընտանիքի Տաճարից, Բրյուսելի Ատոմիումից և Չինաստանի ազգային մարզադաշտից: