Բրյուսելում կցուցադրեն արվեստի 100 գլուխգործոց

2016 թվականի մայիսի  18-ից օգոստոսի 27-ին Բրյուսելում կցուցադրեն մշտական հավաքածուների  100 արվեստի գլուխգործոց։ Մասշտաբային միջոցառմանը կմասնակցեն ավելի քան  40 թանգարան։

Հանրությանը կներկայացվեն այնպիսի հայտնի վարպետների գործեր, ինչպիսիք են՝ Իերոնիմ Բոսխը, Ռեմբրանդտը, Պիտեր Բրեյգելը (ավագ), Ֆրենսիս Բեկոնը, Սալվադոր Դալին և շատ ուրիշներ։

Ակցիան նախատեսված է ինչպես Բելգիայի, այնպես էլ՝ արտասահմանյան լայն հանրության համար՝ գիտակներից մինչև արվեստասերներ։ Նախագծի նպատակն է գրավել հանրության ուշադրությունը դեպի Բրյուսելի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև՝ խրախուսել զբոսաշրջիկներին և երկրի բնակիչներին այցելել թանգարաններ, որտեղ էլ գտնվում են վերը նշված ցուցանմուշները։

Ստեղծագործությունները հասանելի կլինեն ոչ միայն թանգարաններում, այլև՝ հասարակական վայրերում բաց երկնքի տակ, զանգվածային լրատվամիջոցներում, վեբ կայքերում և սոցիալական ցանցերում։ Համացանցի օգտատերերը կարող են հավանել այդ գլուխգործոցները և կիսվել դրանցով  Facebook-ում և Twitter-ում։