Բրիտանական Monarch Airlines ավիաընկերությունը խոստացել է այս տարվա ընթացքում պարգևատրել քաղաքավարի ուղևորներին։ Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը։
Monarch Airlines-ը մտադիր է առանձնաշնորհ տրամադրել ճանապարհորդներին, ովքեր տոմս ամրագրելիս հեռախոսով քաղաքավարի կշփվեն իրենց սպասարկող աշխատակիցների հետ։
Քաղաքավարության փոխարեն ուղևորներին կթույլատրեն ինքնաթիռում անվճար նստել ավելի հարմարավետ նստատեղին (այս ծառայությունը Monarch Airlines-ում արժե 50 ֆունտ ստերլինգ)։ Բացի այդ, նման հաճախորդներին կգրանցեն թռիչքի համար նախատեսված ժամանակից շուտ։
Monarch Airlines-ի սպասարկման ծառայության յուրաքանչյուր աշխատակից իրավունք կունենա շաբաթվա մեջ 10 նման առանձնաշնորհ հանձնել։ Աշխատակիցները իրենք կորոշեն, թե ուղևորներից ով է արժանի նման պարգևատրման, ով՝ ոչ։
Բրիտանական ավիափոխադրողի ներկայացուցիչները պարզաբանել են, որ նման ակցիա են սկսել, որպեսզի խթանեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ առատաձեռնությունը, քաղաքավարությունն ու փոխադարձ հարգանքը։