2012 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը կնշի իր կառավարման 60 ամյակը: Ի պատիվ Եվրոպայի ամենաազդեցիկ միապետի` երկրում կանցկացվեն բազմազան միջոցառումներ: Բրիտանական մայրաքաղաքում տոնը կտևի չորս օր` հունիսի 2-ից մինչև 5-ը: Համագործակցության այլ երկրները` Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, նույնպես կտոնեն թագավորական հոբելյանական տարին:
Հունիսի 2-ին Ելիզավետան կլինի «Էպսոմ Դերբի» մրցավազքի պատվավոր հյուրը: Հունիսի 3-ին Լոնդոնում կանցկացվի բազմաթիվ փողոցային երեկույթներ: Ինչպես նաև այդ օրը ընդունված է ուղևորվել քաղաքից դուրս պիկնիկի. դա ավանդույթ է և անցկացվում է 1977 թվականից, երբ թագուհին նշել է իր գահակալման արծաթյա հոբելյանական տարին: Հազարավոր նավեր Մեծ Բրիտանիայից, ԱՊՀ երկրներից և այլ համաշխարհային տերություններից կմասնակցեն Թեմզայի վրա տեղի ունեցող առագաստանավային մրցույթներին: Ելիզավետա թագուհին իր նոր Royal Barge զբոսանավի վրայից կգլխավորի նավատորմը, հայտնում է Independent-ը:
Հունիսի 4-ին Բուքինգեմյան պալատում տեղի կունենա համերգ, որտեղ հանդես կգան բրիտանացի աստղերը: 2002 թվականին` Ելիզավետայի կառավարման 50-ամյակին համերգը սկսվեց Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի կատարումով: Նա պալատի տանիքին կանգնած կատարեց ազգային հիմնը:
Վերջապես, 2012 թվականի հունիսի հինգին Մեծ Բրիտանիայում կվառվեն բոլոր փարոսները: Դրանցից մեկը կվառի անձամբ թագուհին: Փարոսները նշանակալի դեր են ունեցել երկրի պատմության մեջ: Դրանցից առաջինները սկսեցին գործել 1588 թվականին` նախազգուշացնելով Իսպանիայի արմադայի մոտեցման մասին:
Նախկին Գրինվիչ նավահանգիստը (Greenwich), որը գտնվում է Լոնդոնի հարավ-արևելքում, կստանա թագավորական քաղաք կոչումը` ի պատիվ դինաստիայի հետ երկարատև և ամուր հարաբերությունների: Այս կոչման համար կպայքարեն նաև երկրի մի քանի վարչական կենտրոններ: Այս մրցավազքում ֆավորիտներ են համարվում Ռեդինգը (Reading), Դոնկաստերը (Doncaster) և Դովրը (Dover):