Jet Airways ավաընկերության ինքնաթիռում ծնված փոքրիկը իրավունք է ստացել ողջ կյանքում անվճար օգտվել նրա ծառայություններից։ Այդ մասին հունիսի 19-ին գրում է The Times of India թերթը։
Փոքրիկի մայրը՝ Չիչիմոլ Ջոսեն (Cicymol Jose) ծննդաբերել է մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայից Հնդկաստան թռչող ինքնաթիռում։ Կինը գտնվում էր հղիության 30-րդ շաբաթում։
Երբ սկսվել են երկունքի ցավերը, օդաչուները որոշում են կայացրել արտակարգ վայրէջք կատարել։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կոչի քաղաք մեկնող ինքնաթիռը ուղղվել է Մումբայ։
Սակայն Ջոսեն հասցրել է ծննդաբերել վայրէջքից կես ժամ առաջ։ Ինքնաթիռի ուղևորների թվում բժիշկ է եղել, ով բորտուղեկցորդների օգնությամբ օգնության է հասել ուղևորուհուն։ Ծննդաբերությունը հաջող է ընթացել։ Վայրէջքից հետո մորն ու նորածնին տեղափոխել են հիվանդանոց։
Jet Airways-ը թույլատրում է կանանց ճանապարհորդել իր ինքնաթիռներով մինչև հղիության 36-րդ շաբաթը։ Բայց դրա համար նրանք պետք է ներկայացնեն բժշկական տեղեկանք այն մասին, որ իրենք ի վիճակի են բարեհաջող թռիչք իրականացնել։
2016 թվականի սեպտեմբերին նման դեպք է տեղի ունեցել նաև լիբանանյան Buraq Air ավիաընկերության ինքնաթիռում։ Լույս աշխարհ եկած այդ փոքրիկը ևս իրավունք է ստացել ցմահ անվճար թռիչքներ իրականացնել։