Ֆրանսիայի Էլզասի մարզում՝ Ռիբովիլլե տարածաշրջանի մեղրագործական տնտեսություններում նկատվել է ոչ ավանդական գույնի՝ կապույտ, կանաչ և շոկոլադե մեղրի առկայություն: Սա դարձել է իսկական աղետ, քանի որ մեղուները հրաժարվում են արտադրել սովորական ոսկեգույն մեղր:
Անցկացնելով սեփական հետաքննությունը, մեղրագործները պարզել են, որ այս ամենի պատճառը մոտակայքում տեղակայված «Մարս» ընկերության հրուշակեղենի թափոններն են: Ընկերության աշխատակիցները տարաբնույթ գունավորմամբ թափոններով կոնտեյներները թողել են աղբանոցում, որն էլ մեղուներին բավականին դուր է եկել, և նրանք սկսել են ուղևորվել աղբանոց: Մեղվաբույծների պաշտոնական բողոքներից հետո թափոններով լի կոնտեյներները հեռացվել են տվյալ վայրից և հետագայում արգելվել է նրանց տեղակայումը այստեղ:
Տեղական մեղվաբույծների ասոցիացիայի ղեկավար Անդրե Ֆրիեի խոսքերով գունավոր մեղրը նման չէ սովորականին, օգտագործել այն սնունդի մեջ չի կարելի, որն էլ նշանակում է, որ մեղրագործները կրել են մեծ վնասներ: Առայժմ հայտնի չէ, թե վնասների փոխհատուցում կլինի արդյոք հրուշակագործների կողմից:
Նշենք, որ Ֆրանսիան հանդիսանում է Եվրամիության խոշորագույն մեղրարտադրողը: Մեկ տարվա ընթացքում այնտեղ արտադրվում է մոտ 20 հազար տոննա մեղր: | Աղբյուրը՝ iReport.am