Առաջին անգամ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այս տարի կանցկացվի «Մեղրի եւ հատապտուղների» փառատոնը:
Օգոստոսի 18-ին Բերդում կանցկացվի «Տավուշ-Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը, փառատոնը կխթանի գյուղական արտադրության սպառմանը, ինչպես նաև ուղղված է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը և կնպաստի տուրիզմի և տեղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Փառատոնն այս տարի իրականացվում է առաջին անգամ, դրանով տրվում է Տավուշ-Շամշադինի շրջանի ընդհանուր զարգացման սկիզբը:
«Տավուշ» հայրենակցական միավորման փոխնախագահ Լավրենտի Միրզոյանն իր հերթին հավելել է, որ փառատոնը լինելու է ամենամյա և մեծ նշանակություն ունի տարածաշրջանի հանդեպ ուշադրություն գրավելու, տարածաշրջանի բնակչության զբաղվածությունը ապահովելու գործում:
«Տավուշ-Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնի» շրջանակներում նախատեսվում է մեղրի և դրանից պատրաստվող ուտեստների ներկայացում, հատապտուղների և դրանցից պատրաստվող ուտեստների և ըմպելիքների ներկայացում, ցուցադրություն և վաճառք: Կներկայացվեն նաև գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարաշաշրջանին բնորոշ այլ արհեստներ, ինչպես նաև կկազմակերպվի էկոտուրիզմ` սահմանված երթուղով հատապտուղների հավաքչությամբ: Փառատոնը կուղեկցվի համերգ-ներկայացումներով ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպիչների թվում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ակնկալվում են շուրջ 3000 հյուրեր, այդ թվում միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական առաքելություններից:
Աղբյուրը՝ PanArmenian.net