Բելգիական հյուրանոցը առաջարկել է հյուրերին գիշերել փայտե ձիու որովայնում
Ընդհանուր առմամբ, La Balade des Gnomes-ում կա 11 թեմատիկ գոտի։
Բելգիական Դյուրբեյ քաղաքի La Balade des Gnomes հյուրանոցը առաջարկել է իր հյուրերին ընտրել մի քանի հեքիաթային համարներից մեկը, որոնք ձևավորված են էլֆերի, թզուկների և արքայադուստրերի մասին հեքիաթների ոգով։ Համարներից մեկը դուրս է մնացել ընդհանուր կոնցեպտից․ ոճային առումով այն ավելի մոտ է անտիկ հերոսներին, մասնավորապես՝ «Իլիականին»։
Երկհարկանի լյուքսը պատրաստված է անիվների վրա հսկա փայտե ձիու տեսքով և հիշեցնում է լեգենդար ձիուն, որի մեջ Ոդիսևսը և նրա համախոհները մտան Տրոյա։ Հյուրերի տրամադրության տակ են հիմնական ննջասենյակը, մանկական սենյակը, ջակուզին և հանգստի գոտին։ Հյուրանոցի սեփականատերերը հատուկ նշում են, որ ընտանի կենդանիների մուտքը ձիու որովայն արգելված է։ Երկու հոգու բնակության արժեքը 250 եվրո է, ներառյալ՝ նախաճաշը․ գրում է Newsru-ն։
Հյուրանոցի մյուս բոլոր համարները տարբերվում են իրենց յուրօրինակ դիզայնով։ Դրանցից մեկը քարանձավի տեսք ունի, մյուսը՝ ծառի պսակի, երրորդը արտաքինից նման է կառքի։ Ընդհանուր առմամբ, La Balade des Gnomes-ում կա 11 թեմատիկ գոտի։ Դրանցում բնակության արժեքը սկսվում է օրական 150 եվրոյից։