Սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «TopResa 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին պետք է ներկայացնեն Հայաստանը և Արցախը:
Ինչպես արդեն տեղեկացվել էր մամուլում, ադրբեջանցիները ջարդուփշուր էին արել այն միասնական տաղավարը, որի ներքո պետք է հանդես գային Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, պատռվել էին Հայաստանի և Արցախի դրոշը, Հայաստանի Հանրապետության և Արցախի ընդհանուր քարտեզը և տեղեկատվական բուկլետները։
Տարածքում եղել են նաև ցուցադհանդեսի անվտանգության աշխատակիցներ, որոնք սակայն ադրբեջանցիներին զսպել չեն կարողացել։
Դեպքի մասին իրազեկվելուն պես Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ:
Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: