Շարունակվում է Նյու Յորքի ղեկավարության և Airbnb ծառայության առճակատումը, որին շատ ճանապարհորդներ գնահատում են հանգստի ընթացքում հարմարավետ և մատչելի բնակության վայր գտնելու հնարավորության համար: Նյու Յորքի գանձարանը տուժում է այն պատճառով, որ հյուրերը նախընտրում են բնակվել մասնավոր բնակարաններում և, հետևաբար, չեն վճարում զբոսաշրջային հարկ հյուրանոցներում մնալու համար: Այդ պատճառով նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը Airbnb-ից պահանջել է նյույորքցիների ցանկը, ովքեր խախտում են օրենքը և վարձով տալիս իրենց բնակարանները:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում, օրենքի համաձայն, 2010 թվականից սկսած չի կարելի վարձով տալ անձնական բնակարաններն ու սենյակները 30 օրից պակաս ժամկետով: Airbnb կայքում բնակության վայրը կարճաժամկետ վարձակալության հանձնելու մասին տեղեկատվության տեղադրումը ուղղակիորեն այս օրենքի խախտում է համարվում: Պատմությունը նոր է սկսում զարգանալ և, ըստ Travel Weekly-ի, կայքի պատասխանատուները դեռևս չեն պատասխանել դատախազի պահանջին: Բնակության տեսակետից Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենաթանկարժեք քաղաքն է: Բնակարանն ամբողջությամբ կամ առանձին սենյակները վարձով տալու հնարավորությունը հավասարապես ձեռնտու է և՛ սեփականատերերին, և՛ զբոսաշրջիկներին: Առաջինները այդ գումարով կարողանում են փակել իրենց կոմունալ ծախսերը, իսկ զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում բնակվել Նյու Յորքում օրական 35 դոլար վարձավճարով՝ ի տարբերություն հյուրանոցների միջին՝ 275 դոլար վճարի:
Airbnb-ը հայտնվել է մի քանի տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում: Այդ ժամանակից ի վեր կայքում բնակարանների և սենյակների բազան հասել է 500 հազարի, իսկ ընկերությունը՝ ինքը, դարձել է աշխարհում ամենամեծը նրանց շարքում, որոնք կարճաժամկետ բնակության վայրեր են վարձով տալիս: Նյու Յորքում Airbnb-ի միջոցով կարելի է վարձակալել ինչպես սենյակ Թայմս Սքուերի հարևանությամբ գտնվող բնակարանում ($35), այնպես էլ՝ պարտեզով ապարտամենտ Բրուկլինում ($121) կամ անտիկ կահույքով կահավորված ձեղնահարկ Թրայբեկա թաղամասում ($921):