Վիեննայում հայտնվել է Եվրոպայի առաջին ճապոնական «Cafe Neko» սրճարանը: Սրճարանում, որի անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է կատու, կարելի է վայելել հիանալի սուրճ չորքոտանիների` Սոնիի, Թոմասի, Մորիտցայի, Լուկիի և Մոմոյի հետ:
Սրճարանի 47-ամյա սեփականատեր Տակակո Իշիմիցուն (Takako Ishimitsu) ծնունդով Ճապոնիայից է, որի մայրաքաղաքում նմանատիպ 40 սրճարան կա: Ճապոնիայում շատ տներում արգելված է կատուներ և շներ պահելը, այդ իսկ պատճառով 1998 թվականին բացված առաջին կատվային սրճարանը մեծ հաջողություն ունեցավ հաճախորդների մոտ: Տիկին Իշիմիցուն 3 տարի է կորցրել, մինչև որ ձեռք է բերել սրճարանի բացման իրավունքը: Այժմ Վիեննայի բնակիչները ևս կարող են վայելել մեկ գավաթ սուրճը կատուների ընկերակցությամբ: